Մի երիտասարդ խեցգետին մտածում էր. «Ինչու՞ իմ ընտանիքում բոլորը քայլում են հետ-հետ:
Ես այդպես չեմ ուզում: Ես ուզում եմ քայլել միայն առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի»:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ ու առաջին օրերին շատ հոգնեց:
Ամենուր բախվում էր ինչ-որ բանի, քերծում զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը:
Բայց քիչ-քիչ փորձերը սկսեցին հաջողվել. եթե իրոք ուզում ես, ապա ամեն բան էլ կարելի է սովորել:
Երբ արդեն շատ վստահ էր իր ուժերի վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
– Հապա նայե՛ք:
Ու հրաշալի քայլերով առաջ գնաց:
– Զավա՛կս,– լաց եղավ նրա մայրը,- հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի՛ եկ, քայլի՛ր եղբայրներիդ պես:
Հայրը խստորեն նրան նայեց, հետո ասաց.
– Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մնալ մեզ հետ, քայլի՛ր, ինչպես բոլոր մյուս խեցգետինները, իսկ եթե ուզում ես համառել, գնա՛ ու այլևս չվերադառնաս:
Քաջարի խեցգետինը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր ուժերի վրա:
Նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Լճակի մոտով անցնելիս արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք հավաքվել էին իրար գլխի և զրուցում էին:
– Աշխարհը շուռ է եկել,- ասաց նրանցից մեկը,- նայե՛ք այս խեցգետնին ու ասացե´ք, որ սխալվում եմ, եթե կարող եք:
– Էլ հարգանք չի՛ մնացել,- ասաց մեկ ուրիշը:
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հառաչեց երրորդը:
Երիտասարդ խեցգետնի հանդիպումը
Բայց խեցգետինը շարունակեց քայլել իր ճանապարհով:
Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր խեցգետին:
Նա դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնեց քարի մոտ:
– Բարի՛ օր,- ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
– Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգետիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ, համակերպվի՛ր և արա´ այնպես, ինչպես անում են մյուսները: Մի օր շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը լուռ մնաց, բայց ինքն իրեն ասում էր. «Չէ՛, ե՛ս եմ իրավացի»: Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները…