Անտառում ապրում էր փոքրիկ եղևնին :
Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ էին, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։
Նա շատ էր ուզում շուտ մեծանալ, և չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի երեխաներին, որոնք ուրախ – ուրախ անտառում ելակ էին հավաքում :
— Էս ի՜նչ սիրուն եղևնի է։ Որքա՜ն փոքրիկ է։
Բայց ծառը այսպիսի խոսքեր լսել անգամ չէր ուզում։
Անցավ մեկ տարի, և եղևնու վրա աճեց ճյուղերի մի նոր շրջան։
Անցավ էլի մեկ տարի, ճյուղերի մի շրջան էլ ավելացավ։
Այսպես ճյուղերի շրջաններով կարելի էր որոշել, թե ծառը քանի տարեկան է։
Ա՜հ, եթե ես այնքան մեծ լինեի, որքան մյուս ծառերը,- հառաչում էր եղևնին,— այն ժամանակ ես էլ լայն կփռեի իմ ճյուղերը, իսկ գագաթս հեռու՜ – հեռուները կդիտեր։
Վերջապես Սուրբ Ծնունդի տոնը եկավ, և անտառում առաջինը մեր եղևնին կտրեցին։
Կացինը խրվեց նրա մարմնի մեջ, և նա տնքոցով ընկավ գետնին։
Նա ուշքի եկավ այն ժամանակ, երբ ուրիշ ծառերի հետ հայտնվել էր ինչ – որ բակում: Լսվեց մի տղամարդու ձայն.
— Հիանալի՜ տոնածառ է։
Եկան երկու ծառաներ, վերցրին եղևնուն ու տարան մի հիանալի մեծ դահլիճ, սկսեցին ծառը զարդարել։
Նրա ճյուղերին կախեցին գունավոր թղթից կտրտված մանրիկ ցանցեր՝ քաղցրեղենով լի, իսկ ոսկեզօծած խնձորներն ու ընկույզները ասես հենց ճյուղերի վրա էին աճել։
Կանաչ փշատերևների տակ տիկնիկներ էին ճոճվում:
Եղևնին երբեք այդպիսի բաներ չէր տեսել։ Վերջապես ճյուղերին ամրացրին հարյուրավոր մանր մոմեր՝ կարմիր, կապույտ, սպիտակ, իսկ ծառի գագաթին տնկեցին մեծ աստղ։
Երեկոյան մոմերը վառեցին։
Այդ ամբողջ փայլը եղևնուն ուղղակի շշմեցրել էր։
Բայց ահա դուռը լայն բացվեց, և երեխաների մի ամբողջ բազմություն սենյակը լցվեց:
Երեխաները պարում էին տոնածառի շուրջը և ամեն րոպե ծառից պոկում զարդարանքները։ «Այս ի՞նչ են անում,— վախեցած մտածում էր եղևնին և դողում վախից»։
Եղևնին տոնից հետո
Առավոտյան եկան ծառաներն ու սպասուհին։
«Հիմա կսկսեն նորից զարդարել ինձ»,— մտածում էր եղևնին։
Բայց նրան սենյակից դուրս տարան, սանդուղքով վերև քաշեցին և խցկեցին ձեղնահարկի ամենամութ անկյունը, ուր նույնիսկ ցերեկվա լույսը չէր թափանցում։
«Այս ի՞նչ է նշանակում,— մտածում էր նա։
— Ի՞նչ եմ անելու ես այստեղ։ Ի՞նչ կարող եմ տեսնել ու լսել այս մթության մեջ։ Հաաա՜, հասկացա… Դուրսը ձմեռ է, գետինն ամրացել է և ձյունով ծածկվել, նշանակում է՝ չի կարելի ինձ նորից տնկել հողի մեջ, ահա այդ պատճառով էլ ստիպված եմ մինչև գարուն մնալ տանիքի տակ։