Երեխայի աճը: Առաջին ամիս

Երեխայի աճը: առաջին ամիս

 

Առաջին ամիս

Փոքրիկը արդեն կարող է`

  • Փորիկի վրա պարկած վիճակում գլուխը բարձրացնել կարճ ժամանակով:
  • Կուրծք ուտելիս հայացքը կենտրոնացնել մոր դեմքի վրա:
  • Արձագանքել փոքրիկ զանգի ղողանջին և հետևելով աչքերով գլուխը թեքել ձայնի աղբյուրի կողմը:
  • Աչքերով հետևել շարժվող առարկաներին, որոնք գտնվում են նրա դեմքից 15-25.5 սմ հեռավորության վրա:
  • Արձագանքել մեծերի ձայներին:

 

փոքրիկ թերություններ

Երբեմն երեխաները ծնվում են մաշկի աննշան թերություններով, որոնք անվտանգ են, բուժում չեն պահանջում ու մաշկի աճին զուգընթաց` անհետանում են:

 

 

ԱՆՈԹԱՅԻՆ ԼԱՔԱՆԵՐ:

Սրանք սովորաբար լինում են վզի հետևի մասում, հոնքերի վրա ու հոնքամիջում: Մի քանի ամսում դրանք կանհետանան:

 ԵԼԱԿԱՅԻՆ  ԽԱԼ ԿԱՄ ԽՈՌՈՉԱՎՈՐ ՀԵՄԱՆԳԻՈՄԱ

Չափով, ձևով, գույնով նման են ելակի: Հաճախ հայտնվում են ծնվելուց մեկ օր հետո: Մի քանի շաբաթվա ընթացքում արագ աճում են, 6 ամսական հասակում անհետանում: Բայց եթե մինչև պատանեկություն մնան, հարկավոր է բուժել:

ՎԱՌՎՈՂ ԽԱԼ:

Անոթային կարմիր կամ ծիրանագույն մեծ բիծ է, որն ավելի հաճախ հայտնվում է երեխայի վզին կամ երեսին: Այս բիծը չի անհետանում ու պետք է ավելի հասուն տարիքում բուժել:

 

Վարակներ

Կաթնասնկախտ (կաթնախտ):

Սնկային հիվանդություն է լեզվի, քիմքի ու թշիկների ներսի մակերեսի վրա:

Փոխանցվում է շշի չվարակազերծված ծծակի միջոցով կամ մորից: Եթե նա հղիության շրջանում հիվանդացել է հեշտոցային կաթնասնկախտով, կարող է կարմիր ցանի տեսքով հայտնվել նաև երեխայի հետույքի վրա` սկսվելով նրա հետանցքից:

Բերանի խոռոչի կաթնասնկախտը բուժվում է հակասնկային կաթիլներով, մարմնի վրայի ցանը բուժեք բժշկի հսկողությամբ:

ՄԻԼԻԱՆԵՐ:

Դեմքի վրա սպիտակ, մանր բծեր են, որոնք ճարպային գեղձերի խցանման հետևանք են: Մի քանի օրվա ընթացքում դրանք կանհետանան:

 

 

Մաքուր օդ

Փոքրիկին խիստ անհրաժեշտ է մաքուր օդը, ու տաք եղանակին նա կարող է սայլակի մեջ քնել դրսում: Հարկավոր է հետևել, որ նա լավ ծածկված ու միջանցիկ քամուց հեռու լինի:

Եթե շոգ է, փոքրիկին պետք է ծածկել թեթև ծածկոցով, իսկ միջատներից նրան պետք է պաշտպանել մանր ցանցով:

Եթե փողոցի օդն անվտանգ է, կարելի է փոքրիկին պառկեցնել մահճակալին, բացել պատուհանը, որպեսզի մաքուր օդը սենյակ լցվի:

Երեխայի ակտիվության համար անհրաժեշտ են արտաքին ազդակներ ու ֆիզիկական վարժություններ:

Հարկավոր է փոքրիկի հետ զբոսնել, նրան տեղավորել բռնակներով մանկական նստոցի մեջ ու քաղաքից դուրս տանել: Այդ զբոսանքները շատ օգտակար են փոքրիկի համար, իսկ ծնողները ստիպված չեն լինի քարշ տալ մանկական սայլակը: Երեխաները շատ են սիրում այդ զբոսանքները, հաճույքով են ճանաչում իրենց համար նոր աշխարհը:

 

Աղմուկ

Քնած փոքրիկի կողքը անաղմուկ քայլելու, շշուկով խոսելու կարիք չկա, եթե նա վարժվեց դրան, չի քնի, քանի դեռ տանը լռություն չի հաստատվել, կզարթնի ամենաաննշան աղմուկից անգամ:

Ավելի հասուն տարիքում նա այդ պատճառով լուրջ դժվարություններ կունենա: Ծծկեր նորածիններն արագ քնում են սովորական աղմուկի պայմաններում` հեռուստացույցի կամ փոշեծծիչի աղմուկի տակ:

Ականջ ծակող, ուժեղ ձայնից ցանկացած երեխա կարթնանա, բայց երբ մայրը գրկում, հանգստացնում է նրան, արագ քնում է:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am