Խնձորենու ծառը փարթամ ճյուղեր ուներ և գեղեցիկ հասակ։
Կարմրաթուշ խնձորները տերևների արանքից շողշողում էին փոքրիկ լուսատուների պես։
Շոգ կեսօր էր, և ծառը հանգստանում էր։ Հանկարծ անդորրի մեջ լսվեց սեփական Ստվերի ձայնը, որը կուչ էր եկել բնի մոտ։
– Սիրելի՛ ծառ, ես այլևս չեմ ուզում քո ստվերը լինել։
– Ինչու՞,- զարմացավ ծառը։
– Ձանձրացել եմ միշտ այգու ծայրում բնակվելուց։ Ուզում եմ դուրս գալ, ուրիշ տեղեր գնալ, աշխարհ տեսնել։
– Բայց դա անհնար է,- ասաց խնձորենին։- Քանի որ մենք միասին ենք ծնվել, ուրեմն իրարից երբեք չենք կարող զատվել:
– Մի՞թե,- հառաչեց ստվերը,- բայց ես կփորձեմ։
Ծառն ու ստվերը
Արևի թեքվելու հետ Ստվերը դուրս եկավ ծառի տակից ու սկսեց ձգվել դեպի ցանկապատը։ Մի կերպ մագլցելով բարձրացավ վեր, բայց չկարողացավ փողոց իջնել, որովհետև նրա մի մասը կպած էր ծառից։
– Թո՛ղ ինձ,– գոռաց Ստվերը՝ շուռ գալով ծառի կողմը։
– Չեմ կարող,- խշշաց ծառը,- որպեսզի դու անցնես փողոցը, ես էլ պետք է քեզ հետ գամ։ Բայց դա անհնար է։
– Ինչու՞,- հարցրեց Ստվերը։
– Իմ տեղն այստեղ է` այգու եզրին։ Ինձ այստեղ են տնկել, և ես պտուղ եմ տալիս ինձ խնամողին։ Իմ գործը դա է։ Ես ուրիշ տեղ չեմ ուզում գնալ։
– Վախկո՛տ,- նետեց Ստվերն ու տխուր-տրտում սկսեց հետ գալ։
Անցան շատ տարիներ։ Խնձորենին ծերացավ։ Նա այլևս առաջվա պես առատ բերք չէր տալիս։ Խեղճացել, մի բուռ էր դարձել նաև Ստվերը, նրա ուժը չէր պատում անգամ ցանկապատին մոտենալու…
Գարնան մի օր ծեր Խնձորենին խռպոտ ձայնով ասաց Ստվերին.
– Շուտով երազանքդ կկատարվի. դուրս կգաս այստեղից` աշխարհ տեսնելու։
– Վերջապե՜ս,- թռվռաց Ստվերը,- վերջապե՜ս…
Մի քանի օր անց եկավ այգեպանը, հատեց չորացած խնձորենին, ճյուղերը մեկ-մեկ կտրատեց, բարձեց իշուկին։ Իհարկե, ճյուղերի հետ կտրատվել էր նաև Ստվերը։
Այգեպանը ծառի ճյուղերը շարեց մարագում, ուր Ստվերը բոլորովին կորավ, ասես երբեք չէր էլ եղել։ «Երևի գնաց աշխարհ տեսնելու,- մտածեց ծառը»։
Բայց երբ ձմռանը ծառի ճյուղերը տարան վառելու, պարզվեց` Ստվերը նրանց մոտ կուչ եկած է եղել։
– Ու՞ր ենք գնում,- հարցրեց Ստվերը։
– Գնում ենք ջերմություն տալու,- ասաց ծառը, որին արդեն բոլորն ասում էին փայտ։