Դարեր առաջ, երբ աշխարհը դեռ այնքան մանուկ էր, և կենդանիները նոր-նոր էին աշխատում մարդու համար, ուղտը նույնպես նրանց մեջ էր:
Նա աշխատանքից խուսափելու համար ապրում էր Անապատում:
Այս ծույլն ուտում էր փուշ ու տատասկ, մոշ ու մոլախոտ:
Երբ մեկը փորձում էր խոսել հետը, շարունակ կրկնում էր՝ ու´զ, ու´զ…
Մի երկուշաբթի առավոտ Ձին` թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ նրա մոտ.
– Ու´ղտ, ա´յ Ուղտ, դու´րս արի ու մեզ նման վազի´ր:
– Ու´զ, ու´զ…
Ձին գնաց ու պատմեց Մարդուն:
Որոշ ժամանակ անց եկավ Շունը՝ մի փայտի կտոր բերանին:
– Ու´ղտ, ա´յ Ուղտ, արի´ մեզ նման իրեր տար ու բեր:
– Ու´զ, ու´զ:
Շունը գնաց ու պատմեց Մարդուն:
Եկավ Եզը՝ լուծը վզին.
– Ու´ղտ, ա՛յ Ուղտ, արի՛ մեզ նման վարուցանք արա:
– Ու´զ, ու´զ:
Եզը գնաց ու պատմեց Մարդուն:
Օրվա վերջում Մարդը կանչեց Ձիուն, Շանը և Եզին:
– Մեղքս գալիս եք, բայց այդ Ուղտը չի կարող աշխատել, թե չէ մինչև հիմա եկած կլիներ: Ես նրան հանգիստ կթողնեմ, իսկ դուք պետք է նրա փոխարեն էլ աշխատեք, տեղը լրացնեք:
Եռյակը նստեց Անապատի եզրին ու սկսեց միտք անել: Հանկարծ փոշու ամպի մեջ հայտնվեց Անապատի Ջինը:
– Ջի՛ն, մի՞թե հնարավոր է անգործ նստել, երբ աշխարհն այսքան նոփ-նոր է ու մանուկ,- հարցրեց Ձին:
– Անապատում կա մեկը` երկար վզով, երկար ոտքերով, որ մատը մատին չի տալիս, շարունակ ասում է` ու՛զ, ու՛զ,- վրա բերեց Շունը:
– Վար ու ցանք էլ չի անում,- բողոքեց Եզը:
– Մի քիչ համբերե՛ք, ես նրան «ուզ» ցույց կտամ,- բարկացավ Ջինը:
Ուղտը դարձավ սապատավոր
Ջինը պտտվեց տեղում և հայտնվեց Ուղտի մոտ, որը ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով էր հիանում:
– Ուրեմն ճիշտ են ասում, որ դու ոչ մի գործ չես անում, երբ աշխարհը դեռ նոփ-նոր է ու մանուկ:
– Ու՛զ, ու՛զ:
Հենց այդ պահին Ուղտը զգաց, որ իր մեջքը, որով այնքան հպարտանում էր, սկսեց ուռչել, մինչև վերածվեց մի հսկա ու ցցուն կուզի:
– Ա՛յ, տեսնում ես՝ ինչպես քո «ուզը» կուզ դարձավ:
Այսօր հինգշաբթի է, և դու երկուշաբթի օրվանից ոչինչ չես արել, հիմա պետք է աշխատես:
– Կուզը մեջքիս ես ինչպե՞ս աշխատեմ,- սրտնեղեց Ուղտը:
– Դա քո երեք օրվա անգործ նստելու վաստակն է,- ասաց Ջինը:
– Հիմա առանց ուտելու կաշխատես երեք օր: Կուզի՛ցդ ամաչիր:
Ուղտն իր կուզից ամաչեց և գնաց միացավ եռյակին:
Այդ օրվանից նրան ասում են սապատավոր:
Ուղտն այդպես էլ այն երեք օրվա տեղը հանեց:
Երբ աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ, և մնաց այս խոսքը՝ ուղտի պես համառ: