Պույ-Պույ մկնիկը մուլտֆիլմ

Մարտի 05, 2018
10800 դիտում

«Պույ-Պույ Մկնիկը», 1971 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի կողմից նկարահանված հայկական մուլտֆիլմ՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն գործի։

Մուկիկը կոկոսի անցքից ներս է սողոսկում։ Համեղ պտուղի միջուկն ուտում-խմում, քեֆ է անում։

Հայկական մուլտարտադրության նկարահանված ամենասրելի ֆիլմերից մեկը: 

Մի երկիր կա՝ Հնդստան,
Մի մուկիկ կար՝ ճստճստան,
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում:
 
Ապրում էր նա իր համար
Բարիքներում անհամար,
Ու մի օր լավ, մի օր վատ՝
Ուներ ապրուստ քիչ թե շատ:
 
Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցորնի հատ
Ուտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում:
 
Իր անունը Պույ Պույ էր,
Ազգանունը Ճստունի,
Լացը՝ վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը՝ տարայ-նայ-նի-նի:
 
Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
Ու մի օր էլ ծանր ու մեծ,
Իրեն-իրեն միտք արեց:
 
«Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ»:
 
Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոբմ
Ընկավ նրա առաջին: -
Կոկո՜ս, կաղին չէ չնչին:
 
Կաղնի տեսակ, սեխի չափ,
Միջուկն անուշ, յուղալի,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա՛ ինչն է ցավալի…
 
Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվեց:
 
Ու կոկոսի չորս կողմը
Ման է գալիս Պույպույը,
Կեղևն հաստ է, ո՞նց անի,
Ու սկսեց վույ-վույը:
 
«Ախր ի՞նչ է, ի՞նչ կըլի,
Տեսնեմ դրա համն, էլի:
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր»:
 
Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հիմի էլ
Ծակից մտնել էր ուզում:
 
Բայց տեսեք ինչ պատահեց.
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում:
 
Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չըլնի մուկիկը…
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում:
 
Էսպես լացեց սուգ արեց,
Էնքան լացեց սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց:
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ, ըհը՜, ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս:
 
Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, ա՛յ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը:
 
Դե, քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե, պա՛ր արի, տարա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կե՛ր ու կրծիր,
Կե՛ր միջուկը, հյութը խմի՛ր:
 
Հա՛մ ուտում է, համ էլ պարում,
Հա՛մ պարում է, հա՛մ էլ երգում.
«Ինքս Պույպույ, պարս տույտույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ»:
 
Էսպես թռչում ծափ էր տալիս,
Պար էր գալիս ռանգի, յայլի,
Գոռում էր, ջա՜ն, տարայ-նի-նի,
Ա՛յ թե քեֆը ինչպես կըլնի:
 
Էս որ էսպես կերավ մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դարձավ խոշոր մի մուկ,
Տռզեց դարձավ կողքին, քնեց խորունկ:
 
Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Է՛հ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա:
 
«Լավ էր, կերանք բավականին,
Հիմի գնանք մեր մեր բանին»:
Հեշտ էր ասել… Ապա՛ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր:
 
Մետոցավ, որ ծակից դուրս գա,
Պահո՜… տեսավ ճամփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր…
Այդ է, մնաց, բայց մնա ո՞ւր…
 
Լաց է լինում մուկիկը:
Ո՞նց լաց չըլնի մուկիկը:
Տռզել է կոկոսում,
Մնացել է նեղ փոսում:
 
«Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չէ՞ր իմ տուն, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ, վույ,
Հիմի տե՜ղն է քեզ, Պույպո՜ւյ:
 
Ախր ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր՝ լավ չէ՞ր, հը՞…
Ցավ ուտեիր՝ լավ չէ՞ր, հը՞…
 
Վա՜յ-վա՜յ, վա՜յ, վա՜յ, զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար»:
 
Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց: -
 
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ, ըհը՛, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս:
 
Վա՛հ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց… ա՛յ նայի՛ր, էս ես՝ մուկը,
Էն՝ կոկոսը, էն՝ միջուկը:
 
Տեսա՞ր լավ բան, կեցցե՛ս, Պույպույ,
Տո էլ ի՞նչ վայ, էլ ի՞նչ վույ-վույ,
Տո՛, քե՛ֆ արա, օխա՛յ, օխա՛յ,
 
Դե պա՛ր արի, տարայ-նի-նա՛յ…
Հա՛մ թռչում է, հա՛մ պարում է,
Հա՛մ երգում է, հա՛մ կանչում է,
Ջա՛ն, քեֆ արա, տարայ-նի-նի՜.
Ա՜ յ թե քեֆը ինչպես կըլնի:

Թողնել մեկնաբանություն

Նմանատիպ մուլտֆիլմեր