Ահմեդի ուղտը – հեքիաթ

Ահմեդի , հինգ ուղտերը նրա ետևից ձգված, գնում էին քաղաք:

Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:

Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի մոտ, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո փռվեց ծառի հովին:

Կեսօրին Ահմեդը ուշքի եկավ և տեսավ, որ ուղտերից մեկը չկա:

Կանգնեց քարի վրա, դիտեց չորսբոլորը, բայց բան չէր երևում:

Միայն ծառերի միջից մի գյուղ էր ճերմակին տալիս:

Շտապ ոտքի հանեց ուղտերն ու գնաց գյուղ:

Մի պառավ կին պատահեց գյուղի ծայրին:

– Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, աչքովդ չի՞ ընկել:

– Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը,- իմ կտրիճ աքլորն է կորել, չեմ գտնում: Արի´ նախ աքլորս գտնենք, հետո քո ուղտը կփնտրենք:

Ահմեդի գլուխը բացասաբար շարժվեց ու նա մտավ գյուղ: Ուղտերը թողեց գյուղի տանուտերի մոտ ու գնաց ուղտը գտնելու:

Տեսավ, որ մի մարդ պարկով ցորենը դրել է գետնին ու ինչ-որ բան է փնտրում:

Պարկի մի կողքը պատռվել էր, ցորենը բուռ-բուռ թափվել էր ճամփի երկայնքով. խեղճ մարդը մի ձեռքով ցորենն էր հավաքում ու լցնում պարկը, մյուս ձեռքի մատներով գետինն էր քրքրում:

Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, այստեղով չի՞ անցել, չե՞ս տեսել…

– Ես գլուխս եմ կորցրել,- նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ: Ասե՛ղս եմ կորցրել, ասե՛ղս, որ պարկս կարեմ ու գնամ տուն, քո ուղտը աչքիս կերևա՞: Արի´ նախ ասեղս փնտրենք, հետո քո ուղտի հետևից կգնանք:

– Խենթ են այս մարդիկ,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:

 

 

 

 

 

Ահմեդը վշտացած ու մարդկանցից հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ, նստեց մի ծառի տակ ու քնեց:

Ահմեդի երազը

Երազում մայրը եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց. «Որդի´ս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ: Միայն աշխարհի կարգն է այսպես, որ նախ պետք է ուրիշի կորուստը գտնես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի: Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ են»:

Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:

– Նանի´, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:

– Չէ՛, որդի´, չէ՛:

– Արի´ միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:

Եվ երկուսով մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը: Հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.

– Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս նստել է պատի տակ:

Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը: Ահմեդն ընկավ աքլորի հետևից: Մեկ էլ տեսավ, որ իր ուղտը կանաչի մեջ հանգիստ որոճում է: Ահմեդի ուրախությանը չափ ու սահման չկար. մի ձեռքով բռնեց աքլորը, մյուս ձեռքով` իր ուղտի պարուսանը և խնդումերես մտավ գյուղ:

Արման Գրիգորյան: